Գնալով ավտոկայանատեղերի խնդիրը թեժանում է։ Կրքերը շիկանում են, և դա բնական է, քանի որ խնդրի կարգավորումը կարող է որոշ պատգամավորների կամ էլ համայնքի ղեկավարների գրպանին լուրջ հարվածել։ Մենք այս հարցին դեռևս կանդրադառնանք, սակայն այս պահին նշենք, որ ավտոկայանատեղերի կարգավորումը կցիվիլացնի մայրաքաղաքի տեսքը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից ավտոկայանատեղերի համար վճարն օրինականացնելու նպատակով աշխատանքներն արդեն սկսված են։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարմիր գծերով առանձնացված են ավտոկայանատեղերը, և այդ տեղերում այլևս դեղին, կանաչ կամ նարնջագույն հագուստով մարդիկ իրավունք չեն ունենա փող գանձելու։ Իհարկե, ցանկացած նորամուծություն միանշանակ դրական չի ընդունվել, և այս փոփոխությունը ևս բացառություն չէ։ Ինչ խոսք, շատերի համար այս նոր գործող կարգը շատ ընդունելի է, և վարձավճարն էլ անգամ տարեկան կտրվածքով մեծ չի համարվում։ Սակայն այս պահին անհայտ է, թե կոնկրետ որտեղ պետք է վարորդը վճարում կատարի։ «Մեզ համար շատ լավ օրենք է։ Կուլտուրական ձևով կարող ենք կայանել մեքենան, և ոչ ոք չի մոտենա, ձեռքը չի պարզի և չի պահանջի տարբեր գումարներ։ Բայց կարմիր գծերը գծել են, սակայն չգիտենք` ում ենք վճարելու և որտեղ։ Լավ կլիներ սկզբում այդ խնդիրը լուծվեր»,- նշում էին շատ վարորդներ։
Մայրաքաղաքի բնակչության մեկ այլ հատվածը մտահոգված է այդ նույն նարնջագույն համազգեստով կանգնած մարդկանց կարգավորողների ճակատագրերով, որոնց համար ավտոկայանատեղերը յուրօրինակ աշխատատեղ էին դարձել։ Ինչ խոսք, այս առումով նրանք կտուժեն, քանի որ ավտոկայանատեղերի տերերը նրանց վճարում էին 2-4 հազար դրամ։ Բայց գլխավորը, կարծում ենք, այս նոր կարգից տուժեցին «շնաձկները», այն էլ` խոշոր տրամաչափի։
Գաղտնիք չէ, որ ինչպես երթուղայինի գծերը, ավտոկայանատեղերը նույնպես տերեր ունեն։ Այն, որ Հայաստանում անտեր ոլորտ վաղուց գոյություն չունի, նորություն չէ։ Փաստ է և այն, որ մեր «հարազատ այս շնաձկներն» այս բիզնեսից ոչ թե գեր, այլ գերուգեր շահույթներ են ստացել տարիներ շարունակ։ Ասվածը շատ հեշտ է ապացուցել։ Բավական է մի փոքր հաշվարկ կատարել, այն էլ տարրական դասարանի մակարդակի։ Ըստ որոշ տվյալների, Հայաստանում գրանցված է 400000 ավտոմեքենա։ Եթե այդ 400000-ից, ասենք, 150000-ը հանենք, նկատելով, որ դրանք կարող են գրանցված լինել տարբեր մարզերում, ապա կստացվի, որ 250000-ը շահագործվում է մայրաքաղաքում։ Նկատենք նաև, որ տարբեր ավտոկայանատեղերում տարբեր գներ են գործում` սկսած 100 դրամից մինչև 500 դրամ։ Եթե միջինը 250 դրամով հաշվարկենք ավտոկայանատեղերի օրական գինը և այն բազմապատկենք 250000-ով, ապա գումարը շատ ու շատ խոսուն կլինի, որը սահուն կերպով ամեն օր լցվում է ավտոկայանատեղերի մի քանի տերերի գրպանը։ Այս ֆինանսական ծովի մեջ օրական 2-4 հազար դրամ ավտոկայանատեղերի կարգավորիչներին վճարելով` նրանք ուղղակի թոզ են փչում բոլորի աչքերին։ Այսինքն, մայրաքաղաքում այս ոլորտում «բեսպրեդել» էր, որից շահում էին առանց այդ էլ շահած մի քանի «ընտրյալներ»։
Ինչ խոսք, այս նոր կարգը նրանց սրտով չէ։ Գուցե և ոմանք նրանց ջրաղացին ջուր լցնելու համար ասեն, թե վերջիններիս միջոցով մի քանի ընտանիքներ էին կերակրվում, այսինքն` մի 500 հոգու հացի խնդիր էր լուծվում։ Բայց նկատենք, որ Հայաստանում օրական 2-4 հազար դրամով ասենք 4 հոգուց բաղկացած ընտանիքի սոցիալական խնդիրները չես լուծի։ Իհարկե, ասում են «на безрыбье и рак рыба», սակայն ավտոկայանատեղերի կարգավորիչները ցրտին, քամուն, անձրևի, ձյան ու արևի տակ իրենց առողջության հաշվին մի կտոր հաց վաստակելու ակնկալիքով լցնում էին մի խումբ կերած-խմած մարդկանց գրպանները։
Ինչ խոսք, չենք ժխտում որ նոր կարգի հետևանքով կարգավորողները կմնան առանց աշխատանքի։ Սա խնդիր է, որը պետք է արժանանա քաղաքային իշխանությունների ուշադրությանը։ Կարծում ենք` այս խնդիրը քաղաքային իշխանությունները կարող են լուծել վերջիններիս աշխատանքի վերցնելով իրենց տարբեր շինարարական, բարեկարգման և նման այլ ծրագրերով։ Սա մի կողմից նաև կբացառի տարբեր շահարկումները այս հարցի շուրջ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ